Միացյալ Նահանգները լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի արգելեն Չինաստանի հինգերորդ սերնդի հեռահաղորդակցական ցանցի մուտքը Գերմանիա, փորձում են խափանել Huawei ընկերության հետ Բեռլինի համագործակցությունը և էլի բազմաթիվ նման ձեռնարկներ են մտմտում: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի պետական լրատվական գործակալությունը:
«Մենք ապրում ենք ազատ աշխարհում, և ես չեմ կարող ԱՄՆ-ի նման երկրներին, որոնք չեն հարգում օրենքը, համեմատել այն երկրների հետ, որտեղ ժողովրդավարություն կա և օրենքի նկատմամբ հարգանք»,- այդ առիթով, գերմանական մամուլի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը:
Անդրադառնալով ԱՄՆ անվտանգության մարմինների կողմից Գերմանիայի պաշտոնյաների, հատկապես՝ կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսելու փաստին, Ալթմայերը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը հուսալի և վստահելի գործընկեր չէ»:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը վերջին տարիներին մշտապես քննադատել է Գերմանիային ամենատարբեր առիթներով, իսկ եվրոպական անվտանգության ապահովման առումով էլ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ եթե Գերմանիան չստանձնի ՆԱՏՕ-ի եվրոպական ծախսերի մեծ մասի պատասխանատվությունը, ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի այդ երկրից: