Թուրքիայում մեկնարկել է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի փորձարկման փուլը՝ որպես թիրախ օգտագործելով ամերիկյան արտադրության F-35 կործանիչները: Այս մասին հոդված է հրապարակել բրիտանական The Times պարբերականը:
ԱՄՆ-ում մտավախություն կա, որ С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերը Մոսկվային կօգնեն Արևմուտքի ռազմական ներուժի մասին հետախուզական տեղեկություններ հավաքելու գործում: Թուրքիայի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումը լուրջ ճգնաժամ է առաջացրել ՆԱՏՕ-ի ներսում: Հյուսիսատլանտյան դաշինքին անհանգստացնում է այն հանգամանքը, որ կառույցի անդամները սպառազինությունը գնում են Ռուսաստանից, ընդ որում՝ դա արվում է այն ժամանակ, երբ երկու կողմերի միջև լուրջ դիմակայություն կա, ինչը հիշեցնում է «սառը պատերազմի» դարաշրջանը:
Մոտ 3 տարի շարունակվող Ռուսաստան-Թուրքիա բանակցություններից հետո С-400 համակարգերը Թուրքիա են ժամանել հուլիսին, որից հետո Թուրքիային բացառել էին նոր սերնդի F-35 կործանիչների ստեղծման ՆԱՏՕ-ի ծրագրից:
Բրիտանական պարբերականի հավաստմամբ՝ С-400 համակարգերը կգործարկվեն 2020 թ. ապրիլին: Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր ամերիկյան արտադրության Petriot համակարգերից, քանի որ Վաշինգտոնը սահմանափակել էր մտավոր սեփականության հասանելիությունը: ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն ավելի էին սրվել Սիրիայում վերջին իրադարձությունների զարգացումների պատճառով, ինչի արդյունքում Էրդողանն ավելի էր մոտեցել Պուտինին:
Վերջին իրադարձությունները նշանակում են, որ ԱՄՆ-ը С-400 համակարգերի փորձարկման պատճառով կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, չնայած առայժմ հնարավոր է լինում դրանցից խուսափել հետկուլիսային դիվանագիտության, ինչպես նաև Էրդողանի ու Թրամփի, նրանց փեսաների միջև անձնական ընկերության շնորհիվ: