Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թ. բարգավաճման ինդեքսում (The Legatum Prosperity Index) Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից՝ բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:
Տարածաշրջանի երկրներից Հայաստանը երկրորդ տեղում է՝ հաջորդում է Վրաստանին (53-րդ դիրք) և ավելի բարձր դիրքում է, քան Ռուսաստանը (74), Թուրքիան (91), Ադրբեջանը (92) և Իրանը (119):
Հետխորհրդային երկրների շարքում առավելագույն վարկանիշներն ունեն Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան (21-րդ տեղ), Լիտվան (33-րդ տեղ), Լատվիան (35-րդ տեղ): Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Բելառուսը 73-րդն է, Մոլդովան` 81-րդը, Ղրղըզստանը` 88-րդը, Ուկրաինան` 96-րդը, Ուզբեկստանը՝ 103-րդը, Թուրքմենստանը` 108-րդը, Տաջիկստանը` 114-րդը:
Աշխարհի ամենաբարգավաճ երկրներից առաջին եռյակում են Դանիան, Նորվեգիան և Շվեյցարիան: Վարկանիշային աղյուսակի ստորին տեղերում են Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Եմենը և Հարավային Սուդանը:
Վերլուծաբանները երկրները համեմատում են ինը չափանիշով՝ տնտեսական զարգացման մակարդակ, բիզնես միջավայր, պետական կառավարման արդյունավետություն, կրթության մակարդակ, առողջություն, անվտանգություն և անձնական ազատություն, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշներ: