«Վրաստանը անվտանգ երկիր է, ուստի այդ երկրի քաղաքացիները շատ հազվադեպ կարող են ապաստան ստանալ Ֆրանսիայում»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները իր վրացի գործընկերոջ՝ Վախթանգ Գոմելաուրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նախարարի խոսքով՝ 2019 թ. սկզբին Ֆրանսիայում ապաստան հայցողների թվով Վրաստանի քաղաքացիներն առաջին տեղում էին: Ֆրանսիան մերժել է ապաստան հայցող վրացիների 97%-ին:
Վրաստանի իշխանությունները բազմիցս կոչ են արել իրենց քաղաքացիներին չչարաշահել Եվրամիության հետ առանց արտոնագրի ռեժիմը, քանի որ դա կվտանգի ձեռք բերված պայմանավորվածությունը: 2017 թ. մարտից Վրաստանի քաղաքացիները ստացել են Շենգենյան երկրներ առանց արտոնագրի կարճաժամկետ ուղևորության իրավունք: