Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում 2019 թ. կազմակերպվել է վերապատրաստում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար:
Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար` երկու փուլով: Առաջին փուլը կազմակերպվել է օգոստոս-սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Կազմավորվել են շուրջ 110 առարկայական խմբեր, որոնցում ընդգրկվել են «Հասարակագիտություն» առարկայի 324, «Մաթեմատիկա» առարկայի 720 ուսուցիչ և 1454 դասվար:
Յուրաքանչյուր ուսուցիչ մասնակցել է եռօրյա վերապատրաստման դասընթացի, որին հաջորդել է գործնական փուլը, իսկ վերջում ամփոփիչ երկօրյա դասընթացի ժամանակ հետադարձ կապի սկզբունքով քննարկվել են ձեռքբերումները, մտահոգություններն ու ակնկալիքները: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են թեմաներ ինչպես ֆինանսական կրթության ծրագրի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը վարել են ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վերապատրաստված 81 դասընթացավարներ: