Ուզում եք, որ ոչ միայն ձեր մարմինն, այլև միտքը առո՞ղջ լինի: Այդ դեպքում, ինչպես պնդում է շվեդական Expressen պարբերականը, արժե որոշ մթերքներ կրճատել կամ նույնիսկ՝ առհասարակ բացառել ձեր սննդակարգում:
Եվ այսպես, ամենավնասկար մթերքներն՝ ըստ Expressen-ի:
1. Նվազեցրե՛ք օգտագործվող մսի քանակը ձեր սննդակարգում: Նրանք, ովքեր շաբաթական 500գ.մսի չափաբաժինը չեն գերազանցում, ավելի քիչ են ենթակա աղիների, ստամոսքսի քաղցկեղի, ինչպես նաև՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների, քան՝ նրանք, որոնք չարաշահում են այդ մթերքն ու հատկապես կարմիր միսը: Ընդ որում, շատ ավելի վտանգավոր է դիտվում աղի ապխտած միսը և նիտրիտներով վերամշակված ապրանքները: Օրինակ՝ երշիկեղենը, ապուխտեղենը, սալյամին, լյարդի պաշտետը և այլն:
2. Աղ. իհարկե, սննդի մեջ մի փոքր աղ գործածելը միշտ ճիշտ է, բայց չափից ավելի աղը կարող է բացասաբար ազդել ձեր օրգանիզմի վրա: Աղում պարունակվող նատրիումը կարող է բարձրացնել արյան ճնշումը, որն էլ իր հերթին կարող է մեծացնել սրտի կաթվածի, սրտի անբավարարության, ինսուլտի և երիկամների վնասման վտանգը:
3. Ալկոհոլ և մթերք, որում ալկոհոլ է պարունակվում. կարիք կա՞ ասել, թե ալկոհոլի չարաշահումը ինչպիսի վտանգներ է պարունակում լյարդի, երիկամի, արյան բարձր ճնշման, այտուցների, քաշի ավելացման և բազում այլ վտանգների տեսանկյունից: Սա գիտելիք է, որով նույնիսկ փոքրիկ երեխաներն են այսօր զինված, բայց քչերը գիտեն, որ ալկոհոլի պատճառով ձեր մաշկը նույնպես կարող է տուժել, որովհետև դրա չարաշահման արդյունքում մեծանում է փսորիազի, էկզեմայի, մաշկի այլ խանգարումների հավանականությունը: Այնպես, որ՝ ալկոհոլ գործածեք միայն տոնական առիթների դեպքում, այն էլ՝ չափավոր:
4. Չիփսերը նույնիսկ ավելի վատն են, քան պաղպաղակը, քաղցրավենիքն ու ալկոհոլը: 2011-ին Հարվարդի համալսարանում արված մի հետազոտության համաձայն՝ չիփսերի մի փոքրիկ պարկը կարող է պարունակել մինչև 44 գրամ հագեցած ճարպ, ինչը նշանակում է, որ հաշված րոպեների ընթացքում դուք ստանում եք օրական ձեզ անհրաժեշտ նման ճարպերի ամենաբարձր քանակությունը՝ գրեթե 150 տոկոսը: Իսկ թե ինչ է հագեցած ճարպը, մենք ձեզ հետ միասին լավ գիտենք. այն մեծացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչն էլ իր հերթին մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը:
5. Մեծ քանակությամբ շաքար պարունակող արտադրանքն, իհարկե, ահռելի կալորիաներ է պարունակում, բայց դրանում գրեթե սնունդ չկա: Այնպես, որ՝ եթե դուք սպառում եք շատ քաղցրավենիք, պաղպաղակ ու հատկապես այնպիսի զովացուցիչ ըմպելիքներ, ինչպիսիք՝ կոլան ու պեպսին են, մոռացեք ոչ միայն անցանկալի կիոլգրամներին հրաժեշտ տալու, այլև առողջության մասին: Ավելորդ քաշ, այտուցներ, գլխացավեր, սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարախտ, քաղցկեղ, խնդիրներ բերանի խոռոչի և ատամների հետ կապված: Մի խոսքով՝ մեծ քանակությամբ շաքարն ինքնին ոչ թե խնդիր է, այլ խնդիրների մի ամբողջ կույտ: Եվ այս մասին մենք պետք է ամեն օր հիշենք: