Ի՞նչ ընդհանրություն ունեն Աբխազիան, Օսիան, Ուկրաինան, Սիրիայի հումանիտար ճգնաժամը, Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը, Էմանուել Մակրոնի հայտարարությունը Եվրոպայի վերաբերյալ և Հոնգկոնգի խռովությունները:
Առաջին հայացքից թվում է՝ որևէ ընդհանուր բան չկա սրանց միջև:
Բրիտանական New Statesman-ի տեսանկյունից, սակայն, այս ամենը վկայում են միայն Բեռլինյան պատի վերացումից հետո ձևավորված լիբերալ ժողովրդավարության, միջազգային բազմակողմ ինստիտուտների, ամերիկյան գերակայության վախճանն ու համաշխարհային ազդեցության ոլորտների համար մղվող պայքարի զարթոնքը:
Անշուշտ, ազդեցության ոլորտների համար մղվող մարտերը դարեր շարունակ միջազգային հարաբերությունների առանձնահատկությունն են եղել, և նոր բան չեն: Պարբերականը հիշեցնում է, որ պատմակականորեն դրանք և՛ դրական արդյունքի են հանգեցրել (հիշենք թեկուզ ամերիկյան մշակույթի գրավիչ բնույթը), և՛ բացասական՝ ինչպես ամերիկյան աջակցությամբ հեղաշրջումները Լատինական Ամերիկայում:
Այդ գործընթացը բնորոշ է եղել և՛ Չինաստանի կայսերական համակարգին ու դրանից սնված-սերված պետություններին, և՛ 19-րդ դարի եվրոպական տերություններին՝ հողերի բռնազավթման իրենց գաղութային քաղաքականությամբ, և՛ Սառը պատերազմի ժամանակներին, երբ աշխարհը բաժանվեց ամերիկյան ու խորհրդային ազդեցության ոլորտների:
Բայց ոչ ոք չէր էլ ենթադրի, որ այս կռիվը դարձյալ նորաձև կդառնա Բեռլինի պատի անկումից 30 տարի հետո և հենց այն ժամանակ, երբ ասպարեզում հայտնվեց Վլադիմիր Պուտինը, որը 1989-ի իրադարձություններն անվանեց «քսաներորդ դարի աշխարհաքաղաքական ամենամեծ աղետ» և սկսեց հակահարված տալ Վրաստանում, Ուկրաինայում, Դամասկոսում, Թեհրանում և Անկարայում:
New Statesman-ը սրա պատճառն, ինչ-որ առումով, Մերձավոր Արևելքում հանրապետական Բուշի անհարկի միջամտությունն է համարում, այնուհետ՝ Օբամայի անտարբերությունն ու Թրամփի ներկայի մեկուսացման քաղաքականությունը:
Ճիշտ է, ըստ պարբերականի՝ «Եվրոպայում Թրամփին բնորոշ նիհիլիզմ չկա, բայց այստեղ էլ խոսքի ու գործի լիակատար անհետևողականություն է»:
«Այս մայրցամաքի պատասխանատվության մասին գեղեցիկ խոսքեր են հնչում հենց այն առաջնորդների կողմից, որոնք շատ բան չարին սիրիական մղձավանջի դեմ պայքարելու համար, որոնք աջակցեցին Պուտինին այնպիսի նախագծերով, ինչպիսին՝ Nord Stream-2-ն է (ռուս-գերմանական խողովակաշար, որ խարխլում է Ուկրաինայի և Բալթյան երկրների դիրքերը), և որոնք այսօր զիջում են Մերձավոր Արևելքը Մոսկվային:
Մակրոնը, որն ակտիվորեն աջակցում է հարաբերությունների հալեցմանը, ամենայն հավանականությամբ հավատում է, որ Պուտինը կանգնած է Ֆրանսիայի և այնպիսի իսլամիստական հարձակումների շարունակության միջև, ինչպիսին՝ Փարիզի Բատակլան թատրոնում տեղի ունեցած 2015-ի արյունալի ջարդն էր:
Բրիտանական քաղաքականության վրա էլ է ազդում է ազդեցության ոլորտների ուղղությամբ աշխարհաքաղաքականության փոփոխությունը: Brexit- ի աջ կողմնակիցները ձախակողմյանների հետ միասին գերագնահատում են բրիտանական ազդեցության չափը՝ թերագնահատելով ա՛յլ տերությունների ազդեցության ոլորտները»:
Արդյունքում, ըստ New Statesman-ի, կանաչ ճանապարհ է բացվում Չինաստանի համար, և Շրի Լանկայի վերջին ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ պրոպեկինյան Ռաջապակսա դինաստիան, լավագույն ցուցադրումն էր իր ազդեցության ոլորտներն ընդլայնող Չինաստանի հզորության, որն արդեն ոչ միայն հնում իրեն հարկատու պետություններում է խարիսխ նետել, այլև հարավ-արևելյան ու Կենտրոնական Ասիայում:
Իսկ թե ինչ հետևություններ է պետք անել այս ամենից, կամ՝ ինչի սպասել, New Statesman-ը չի էլ թաքցնում. «Մենք պետք է ակնկալենք բախումների քանակական աճ այս տարածքներում. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան ջրերում, Հնդկաստանի և Չինաստանի միջև՝ Հիմալայներում և Բենգալյան ծովում, ինչպես նաև Աֆրիկայում՝ մի ամբողջ շարք տեղական ու արտաքին ուժերի միջև:
Այս մրցակցությունը տեղի է ունենում նաև համացանցի ոչ նյութական տարածքներում: Google-ը Չինաստանում հասանելի չէ, Huawei ընկերությունը զրկված է Ամերիկայում աշխատելու հնարավորությունից, և այս երկուսի միջև ընկած տարածքները ստիպված են լինում ընտրություն անել: Համացանցի չինական հարթակները գնալով գերակշռում են Հարավարևելյան Ասիայում, և Գերմանիան, որ հայտնվել է Վաշինգտոնի և Պեկինի միջև, քննարկում է՝ հնարավո՞ր է, արդյոք, Huawei- ին վստահել 5G հեռահաղորդակցային ցանցի կառավարումը»:
Մենք գուցե դժվարությամբ հասկանանք՝ ինչ է նշանակում 5G ստանդարտը, բայց պարբերականի համոզմամբ՝ ժամանակակից աշխարհաքաղաքականության խնդիրներն ակնհայտ են. մենք գործ ունենք աշխարհում առկա հզոր բլոկների հետ, որոնք մասամբ են համընկնում գրավիտացիոն դաշտերի և ուժերի հավասարակշռության վերաբերյալ մեր ունեցած գիտելիքին, որովհետև «վերադարձել է հին, փխրուն և մասնատվա՛ծ համաշխարհային կարգը»: