Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման պետական նպատակային ծրագիրը գնահատող առաքելության ներկայացուցիչների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց իրականացրած` ծրագրի համապարփակ գնահատման արդյունքները:
Գնահատող թիմը բազմակողմանի ուսումնասիրել է ոլորտը, ներառյալ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծառայությունների մատուցման և ֆինանսավորման համակարգերը, լաբորատոր-ախտորոշիչ և բուժական ծառայություններն ու ընթացակարգերը:
Ներկայացվել են նաև բնակչության խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների ուղղությամբ արված աշխատանքները։ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաղթահարելու նպատակով առաջարկներ են ձևավորվել, որոնք միտված են պետական նպատակային ծրագրի արդյունավետության բարձրացմանը և ձեռք բերված արդյունքների կայունությանը` միջազգային մարտահրավերներին համահունչ:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին կատարած աշխատանքի համար և նշել, որ առողջապահության նախարարությունը հաշվի կառնի ծրագրի գնահատման արդյունքները ոլորտի քաղաքականության մշակման և հետագա բարեփոխումների գործընթացում: