Նոյեմբերի 25-29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի
կողմնակի ազդեցության և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին:
Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը:
Դեղերի անվտանգության շաբաթին, որը նախաձեռնել է ԱՀԿ դեղերի անվտանգության դիտարկման կենտրոնը, համագործակցելով Եվրոպայի դեղերի գործակալությունների ղեկավարների (HMA) և դեղակարգավորող կառույցների միջազգային կոալիցիայի (ICMRA) հետ, միացել է աշխարհի 57 երկիր, այդ թվում` Հայաստանը:
Բազմադեղաբուժություն է դիտարկվում միաժամանակ չորս և ավելի դեղերի զուգահեռ կիրառումը: Բազմադեղաբուժության արդյունքում՝ դեղ-դեղ, դեղ-սնունդ, դեղ-բուսական ծագման պատրաստուկ փոխազդեցության մեծ ռիսկերի հետևանքով բարձրանում է կողմնակի ազդեցության դրսևորման հավանականությունը: Չնայած բազմադեղաբուժությունն առավել տարածված է տարեցների շրջանում,
այնուամենայնիվ, ցանկացած անձ, ով միաժամանակ կիրառում է բազմաթիվ դեղեր, կարող է կրել բազմադեղաբուժության հետևանքները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 75 տարեկանից բարձր անձանց 30%-ը կիրառում է 6 և ավելի դեղ, իսկ աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ:
Դեղերի անվտանգության մշտադիտարկումը Հայաստանում իրականացնում է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի առաքելությունն է Հայաստանում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի ապահովումը:
Ի թիվս այլ կարգավորիչ գործառույթների` կենտրոնն իրականացնում է նաև դեղերի կողմնակի երևույթների, արդյունավետության բացակայության կամ կեղծման կասկածելի դեպքերի հավաքում և գնահատում՝ դեղազգոնության համակարգի շրջանակներում` հանդիսանալով համանուն միջազգային ծրագրի լիիրավ անդամ: Հավաքված տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը: