Դեմոկրատական ուժերի կողմնակիցները չվիճարկվող հաղթանակ են տարել Հոնկոնգի շրջանային խորհուրդների պատգամավորների կիրակնօրյա ընտրություններում և այժմ փողոցներում տոնում են իրենց հաղթանակը:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, դեռևս նախնական տվյալներով, ընդդիմության կողմնակիցները վերահսկում են Հոնկոնգի 18 շրջաններից 17-ը, կամ՝ 452 պատգամավորական աթոռներից ավելի քան 278-ը, իսկ կառավարության ներկայացուցիչների դեպքում սոսկ 42 տեղի մասին է խոսվում:
Ի դեպ, անցած ընտրություններից հետո իշխանամետ ուժերը վերահսկում էին շրջանային խորհուրդների 75%-ը, և ներկա արդյունքը նրանց համար ջախջախիչ պարտություն է նշանակում:
Չնայած Հոնկոնգում անվտանգության հետ կապված մտահոգություններին, որովհետև վերջին ամիսներին դեմոկրատական ուժերի բողոքի ցույցերը երկրում չեն դադարում, քվեարկությունը խաղաղ է անցել: Նաև գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն՝ 71%, ինչը համարյա 30%-ով ավելին է նախորդ ընտրությունների արդյունքից:
Հիշեցնենք, որ Շրջանային խորհուրդների պատգամավորները զբաղվում են տեղական հարցերով, բայց դա էլ անկարևոր չէ: Բացի այդ, նրանք վերահսկում են Ընտրողների կոլեգայի 1200 տեղերից 117-ը և զգալի դերակատարում ունեն Հոնկոնգի վարչակազմի ձևավորման ու դրա ղեկավարի ընտրության հարցում: