ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալներ Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանը մասնակցել են Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը՝ բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին։
2019 թ. համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։
Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը Գյումրիում՝ ընդգծելով, որ այն տեխնոլոգիական առաջատար քաղաքներից է դառնում:
«Մենք առաջնահերթ ենք համարում մարզերի զարգացումը՝ ստեղծելով նոր կրթական կենտրոններ Երևանից դուրս, որոնց հիման վրա միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերությունները իրենց գիտահետազոտական կենտրոններն են հիմնում։ Հայաստանում մարդկային տաղանդն է, որ ամենամեծ առավելությունն է տալիս, և տաղանդավոր մարդիկ են, որոնք կարողանում են արագ ընկալել, սովորել, ստեղծագործ մտքով է´լ ավելի զարգացնել աշխարհում եղած տեխնոլոգիաները։ Սա է տալիս մեզ այն վստահությունը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր՝ իր հետևից տանելով նաև թվայնացման, ռազմարդյունաբերության ճյուղերը պետության և տնտեսության բոլոր
բնագավառներում»,- նշել է նախարարը:
Դիմելով համաժողովին մասնակից ուսանողներին և աշակերտներին՝ հաջողության հասնելու գործում նախարարն ընդգծել է անհատական ջանք գործադրելու կարևորությունը:
Նա կոչ է արել երիտասարդներին բուհում ստացած հիմնարար կրթությունից բացի, գիտելիք ստանալ ամենօրյա և ամենժամյա անհատական ջանքի շնորհիվ, հնարավորին չափ շատ մասնակցել կրթական ծրագրերի, առնվազն երեք լեզու սովորեն՝ ավելի արագ տիրապետելու նոր տեխնոլոգիաներին:
«Մեզանից յուրաքանչյուրն իր շուրջը կարող է ստեղծել այնպիսի նորարարական տեխնոլոգիա, որը Հայաստանի ամբողջ տնտեսությունը կկարողանա տանել իր ետևից: Այդպիսի օրինակներ մեր շուրջը շատ կան»,- նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանը, որպես օրինակ, թվարկել է հայկական ծագում ունեցող և արդեն համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը սկսել են առավելագույնը երեք նորարար մարդկանց անհատական ջանքի շնորհիվ:
Նախարարը հորդորել է երիտասարդներին ուսումնասիրել նախարարության հաջորդ տարվա այն բազմաթիվ ծրագրերը, որտեղ կցանկանան ակտիվ լինել: «Մարզերում հաջորդ տարի պլանավորում ենք ունենալ նոր տեխնոլոգիաներով կրթված 3 հազար նոր քաղաքացիներ, բուհերում տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ՝ նոր լսարաններ, որտեղ կկարողանաք ձեռք բերել գիտելիքներ: Գյումրու, Վանաձորի տեխնոպարկերում դասավանդում են լավագույն մասնագետները, անպայման մասնակցեք այդ դասընթացներին, դա է միակ ուղղությունը։ Մեզ անհրաժեշտ է որոշ տեխնոլոգիական զարգացումների վրայով թռիչքային զարգացում ունենալ»,- ընդգծել է նախարարը:
Հակոբ Արշակյանն իր ելույթն ամփոփել է՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն առաջիկայում կդառնա հզոր ռազմարդյունաբերական զարգացած երկիր:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի թիմի ղեկավար Էվա Մարիա Նահերը:
ՀՀ բոլոր մարզերից համաժողովը հյուրընկալել է ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի: Օրակարգում ներառված են պանելային 3 քննարկումներ՝ «Միջազգային աջակցություն մարզային զարգացմանը», «Մարզային բացառիկ կրթական մոդելները», «Բարձր տեխնոլոգիաների կենսական նշանակությունները» թեմաներով:
Համաժողովն իրականացվում է ՁԻՀ հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով։