«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, ընկերության արհմիության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի դեպոյի և երևանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԵ ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատողները:
«2019 թվականի հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ լոկոմոտիվային բրիգադները, խախտելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին նորմատիվները, դուրս չեն եկել աշխատանքի, նշվել է, որ աշխատակիցների հանդեպ չեն կիրառվի կարգապահական տույժեր: Համարելով, որ աշխատողների մեծամասնությունը դիտավորյալ մոլորեցվել է, ընկերությունը չի իրականացնի ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը»,- հայտարարել են ՀԿԵ-ից:
Սակայն կրկնակի խախտման դեպքում ընկերությունը իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատում:
Ընկերությունը հաստատում է նաև «Հարավկովկասյան երկաթուղու» բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 10%-ով՝ ս.թ. նոյեմբերի 1-ից: