Այսօր մեկնարկել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Գենդերային հավասարություն՝ վերջ տանք սեռական ոտնձգություններին»։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Կանանց հանդեպ բռնության կանխարգելումը, կանանց հզորացումը և նրանց տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են։ Այս նպատակներին ուղղված գործողությունները մեր ամենօրյա աշխատանքի մաս են կազմում»,- գրել է Զարուհի Բաթոյանը։
Նախարարի խոսքով՝ 2020 թ. պետական բյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրեր իրականացնելու նպատակով։
Մասնավորապես՝
հանրապետության բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ.
առաջին անգամ պետական բյուջեից կֆինանսավորվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարան՝ 60 մարդու ծառայություն մատուցելու նպատակով.
ժամանակավոր ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքում բռնության ենթարկված անձանց.
կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլ նաև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: