Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Եվրամիությանը կոչ է արել՝ քննարկել Պաղեստինի միջազգային ճանաչման հնարավորությունը: Der Tagesspiegel-ի հետ զրույցում դիվանագետը նշել է, որ նման որոշումը «կհավասարակշռի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն արաբա-իսրայելական հակամարտության հարցում»:
«Պաղեստինցիներն էլ հայրենիքի ու պետության կարիք ունեն ճիշտ այնպես, ինչպես՝ իսրայելցիները»,- ասել է Ասելբորնը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Հորդանանի արևմտյան ափին իսրայելական բնակավայրի կառուցմանը, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իրենք մտադիր են Իսրայելի ինքնիշխանությունը տարածել նաև Արևմտյան ափում: Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ նախագահ Թրամփի վարչակազմը վերանայում է ԱՄՆ դիրքորոշումը Պաղեստինում իսրայելական բնակավայրերի օրինականության վերաբերյալ և իսրայելական կառուցապատումն այլևս միջազգային օրենսդրությանը հակասող չի ճանաչում: