Նոյեմբերի 24-ին Իրաքի Ում Քասր նավահանգստում սկսված բախումների հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել, 55-ը՝ վիրավորվել են:
Արաբական աղբյուրների համաձայն՝ միմյանց են բախվել ցուցարարներն ու իրավապահները: Իշխանությունը պնդում է, թե իրավապահները փորձել են բորբոքված ցուցարարներին արգելել՝ գրավել նավահանգիստը, ընդդիմությունն էլ փոխանցում է, որ մարդիկ պարզապես զայրացած են եղել, ինչն իրավապահ մարմիններին իրավունք չի վերապահում կոշտ միջամտության գնալ և, իբր, մարտական փամփուշտներ գործածել ոչ միայն Ում Քասրում, այլև Բասրայում և Նաջաֆում:
Արաբական մեդիայի համաձայն՝ իրավապահների գործողությունները Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի քննարկման առիթ են դարձել: Փենսը պաշտոնական Բաղդադին կոչ է արել՝ չարգելել խաղաղ հավաքները, ինչն Իրաքի ժողովրդավարացման գործընթացի շատ կարևոր մասն է հանդիսանում: