Իսրայելի «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պաշտոնատարներին կոչ է արել իր գլխավորած դաշինքի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորել, քանի որ Բենիամին Նեթանյահուի իշխանության մեջ մնալը մեծացնում է քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգը:
Haaretz պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի դատական համակարգը մի քանի գործ է հարուցել վարչապետ Նեթանյահուի դեմ, որը մեղադրվում է կոռուպցիայի, խաբեության և քաղաքացիների վստահության չարաշահման մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելում 2019 թվականին երկու անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, և չի հաջողվել կառավարություն ձևավորել: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը Գանցին կառավարություն ձևավորելու մանդատ էր շնորհել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր կարողացել մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:
Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին տապալվելուց հետո Ռիվլինը հինգշաբթի օրը Կնեսետին՝ խորհրդարանին էր կարգադրել վարչապետ ընտրել: