Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է կառույցի շրջանակում բազմակողմ համագործակցություն ծավալելու Հայաստանի հանձնառությունը՝ նշելով, որ այս այցը լավ հնարավորություն է՝ ուղենշելու հետագա ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակները:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին և դրա շրջանակում ԵԱՀԿ ԽՎ-ի հետ համագործակցության հնարավորություններին:
Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Ծերեթելին քննարկել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական հարթակի դերը համաեվրոպական անվտանգության խնդիրների հասցեագրման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաների շուրջ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափի շրջանակներում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը: