«Թուղթը աղբ չէ»՝ հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսեցին աղբի տեսակավորման արշավը:
«Թուղթը կիլոգրամների վերածելով` հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,- ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը:
«Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ տանը պլաստիկ կամ ապակի ունեն, և հարցնում էին, թե ինչ կարող են անել, որտեղ հանձնեն»,- հավելում է կազմակերպության կամավորներից Շուշան Բաբայանը:
Այս տարի Երևանի քաղաքապետարանը «էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ սկսեց «Էկո թաղամաս» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշենում: Նպատակն էր՝ սովորեցնել բնակիչներին տեսակավորել աղբը:
«Նախագիծը 7-րդ ամսում է: Թափոն հավաքելուն այսօր միացել են 200 գրանցված և շուրջ 100 չգրանցված ընտանիքներ: Թափոնը հավաքվում է շաբաթը երկու անգամ: Բաժանված հատուկ տոպրակներ ունենք՝ կարմիր՝ ապակու, կանաչ՝ թղթի և մոխրագույն՝ պլաստիկի համար»,- նշում է Հռիփսիմե Մկրտչյանը:
«Էկո թաղամասի»՝ Դավթաշենի կենտրոնական այգում, նաև շենքերից մեկի բակում տեղադրվել են այդպիսի աղբամաններ՝ պլաստիկի և ապակու համար:
«Արդյունքները, իհարկե, գոհացնում են, որովհետև արդեն մի քանի ամիս է՝ նկատվում է, որ աղբամաններից բացակայում են պլաստիկն ու ստվարաթուղթը»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:
Ամեն միջոցառումից մոտ կես տոննա թուղթ է հավաքվում, 100 կգ պլաստիկ և 300-400 կգ ապակի: Ծրագրին կարող է միանալ յուրաքանչյուր ոք՝ հետևելով սոցիալական հարթակներին: Նախաձեռնությանը միացել են նաև տնտեսվարողները:
«Տնտեսվարողների հետ աշխատում ենք հիմնականում ստվարաթղթի առումով: Ունենք 20-25 տնտեսվարող, որոնք հանձնում են իրենց ստվարաթուղթը: Հուսով եմ, որ այս թիվը կավելանա»,- ասում է Միքայել Թումասյանը:
Հիմա արդեն ծրագրին միացել են գրեթե բոլոր վարչական շրջանները: Ավելի քան 1000 ընտանիք կանոնավոր տեսակավորում է աղբը, առանձնացնում վերամշակելի թափոններն ու հանձնում:
Սահմանված օրերին ու ժամերին թափոնները հավաքվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի բեռնատարով: Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է ավելացնել մեքենաների քանակն ու նաև նոր, հատուկ առանձնացված աղբամաններ տեղադրել:
Թափոնների, հատկապես պլաստիկե շշերը հավաքելն ավելի հեշտացնելու համար «Էկո աղբ» ծրագրի կամավորները, որոնք նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ են, քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծել են շշեր հավաքելու խելացի սարք:
«Սարքն ամբողջությամբ մեխանիկական է, աշխատում է առանց էներգիա ծախսելու: Խցանները կարող ենք առանձնացնել և այդպես նետել կամ անպայման թուլացնել: Ունի հատուկ տեղ, որտեղ պետք է դրվի շշի վերևի մասը, այնուհետև այն թեթև սեղմում ենք, որից հետո բռնակով հրում ենք շիշը սարքի մեջ»,- պատմում է ծրագրի կամավորներից Գայանե Կարապետյանը:
3 շշի դիմաց՝ 10 դրամ: Սա առաջին ու առայժմ միակ օրինակն է: Շտկումներից հետո սարքը կտեղադրվի Երևանի որևէ հատվածում: Հաջողության դեպքում կմտածեն նաև նորերը ստեղծելու մասին:
«Իրականում ուզում էինք, որ այն շշերը, որոնք փողոցից հավաքվում են, լվացվում անհայտ պայմաններում և հետո կրկին օգտագործվում կենցաղում, պարզապես չլինեն: Մեր առաջարկը նաև այս ամենի դեմ պայքարի միջոց էր»,- մանրամասնում է Հռիփսիմե Մկրտչյանը:
Աշակերտներն արդեն գիտեն՝ ավելորդ թուղթն ու պլաստիկը ընդհանուր աղբամանի փոխարեն ունեն իրենց հատուկ արկղերը: Բոլոր թափոնները հավաքվում և տեղափոխվում են Դավթաշեն: Այստեղ վերջնական տեսակավորումից հետո դրանք գնում են վերամշակման՝ ստանալու երկրորդ կյանք:
Ի՞նչ կարելի է ստանալ պլաստիկե շշերից, բաժակներից կամ այլ առարկաներից: Վերամշակող ընկերությունները դրանք մանրացնում են, մշակում և ստանում պատրաստի արտադրանք, օրինակ՝ կախիչներ:
Քաղաքապետարանն աղբի տեսակավորման այլ ծրագրեր էլ է իրականացնում:
Երևանի մի շարք հատվածներում, նաև քաղաքապետարանի շենքում ու համայնքային հիմնարկներում թղթի և պլաստիկի տեսակավորման աղբարկղեր են տեղադրված «ԱյԷսԷսԴի» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի Recycle i» ծրագրով: Դեռևս ամիսներ առաջ թափոնները տեսակավորելու քաղաքապետի կոչին միացան նաև դպրոցները:
Աղբի տեսակավորումը հարկավոր է դարձնել մեր կենցաղի մի մասը. հիմա արդեն դա ոչ միայն բարի ցանկություն է, այլև իրագործելի: Քաղաքային իշխանությունն այս ուղղությամբ նոր ծրագրեր է մտածում: Սակայն առանց քաղաքացիների աշխույժ մասնակցության դրանք իմաստ չեն ունենա: