Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը:
Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար» կրծքանշանով:
ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 11 որոշումներ, այդ թվում՝ «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի իրականացման հետ կապված տեղեկատվության ձևաչափի, ծավալի և ժամկետների համաձայնեցման, ՀՄԿ ապրանքների նկարագրության ու ծածկագրման ներդաշնակ համակարգի 6-րդ խմբագրության և ԱՊՀ ԱՏԳ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին և այլն:
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստի ընթացքում ստորագրվել է 25 որոշում, որ վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառների. ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի:
Որոշում է կայացվել նաև, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: