Գեղարքունիքի մարզի Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում 2020 թ. ընթացքում ՀՀ ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ի միջոցներով և համայնքապետարանների համաֆինանսավորմամբ կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ ծրագիրը ներկայացրել է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մամիկոն Գասպարյանը:
«Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում իրականացնելու ենք ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր՝ շուրջ 900 միլիոն դրամ արժեքով: Համայնքապետարանները համաֆինանսավորում կանեն ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով: Բնակավայրերի ներսում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Հողաշեն ջրանցքներում կտեղադրվեն երկաթյա, երկաթբետոնյա կամ պոլիէթիլենային խողովակներ, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները:
Այսօրվա հանդիպման նպատակն է՝ մարզպետարանի, «Գեղարքունիք» ՋՕԸ-ի և համայնքի ղեկավարների հետ վերջնական տեսքի բերել նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք ավարտական փուլում են, ապահովել համայնքապետարանների կողմից կատարվող ներդրումները և շինարարական մրցույթը հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի եղանակների տաքանալուն պես ձեռնարկվեն շինարարական աշխատանքներ»,- տեղեկացրեց Մամիկոն Գասպարյանը:
Համայնքների ղեկավարները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ համաֆինանսավորումը ժամանակին կատարելու ուղղությամբ: «Շատ կարևոր ծրագիր է իրականացվելու ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի մրցույթը հայտարարվի 2020 թվականի ձմռան ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկեն գարնանից, որպեսզի համայնքները ոռոգման շրջանը դիմավորեն կազմ ու պատրաստ վիճակում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: