Լիբանանի բանակը նոյեմբերի 24-ի կեսօրին շրջափակել է Բեյրութում ԱՄՆ դեսպանատուն տանող փողոցները: Ցուցարարներին ցրելու համար իշխանությունները ոչ միայն ոստիկանության հատուկ ստորաբաժանումների, այլև բանակի օգնությանն էին ստիպված ապավինել: Ըստ Maan գործակալության՝ ԱՄՆ դեսպանության շենքն այս պահին էլ շրջապատված է փշալարով:
Հաղորդվում է, որ նոյեմբերի 24-ի առավոտյան՝ Լիբանանում ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույց է կազմակերպվել, որին մի քանի հազար մարդ են մասնակցել: Ցուցարարները ԱՄՆ-ին մեղադրել են Լիբանանի ներքին գործերին միջամտելու և երկրի ներսում քաղաքական ճգնաժամ հրահրելու մեջ: Նրանք վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ և այրել ամերիկյան դրոշները: Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարները պարզել են նաև հակաիսրայելական պաստառներ: «Մենք չենք հանձնի մեր երկիրն Իսրայելին»՝ գրված է եղել դրանցից մեկի վրա:
Նշվում է նաև, որ խռովության առիթը Լիբանանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆելթմանի երեկվա հայտարարությունն է, ըստ որի՝ «Եթե «Հըզբոլլահ»-ը չզինաթափվի, երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել»: Նա նաև Լիբանանի քաղաքացիներին հորդորել էր օգտագործել առաջիկա նախընտրական քարոզարշավը՝ զրկելով «Հըզբոլլահ»-ին իր ուժի ամրապնդման լծակներից:
«Նրանք ձգտում են ստեղծել ամերիկյան, իսկ մենք՝ լիբանանյան տիպի կառավարություն ձևավորել: Եվ քանի դեռ օտար պետությունները չեն հրաժարվել իրենց նպատակներին հասնելու փորձերից, ճգնաժամը կշարունակվի»,- սրան ի պատասխան՝ նոյեմբերի 23-ին հայտարարել էր «Հըզբոլլահ»-ը գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը, և մարդիկ, արդեն 24-ի առավոտյան, սկսել են քարկոծել ԱՄՆ դեսպանության շենքը: