Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ արդեն երկրորդ օրն է՝ սիրիական Ռաքքայում բախումներ են տեղի ունենում տեղի քրդերի և թուրքական բանակի միջև: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում Թուրքիայի բանակը փորձում է իր վերահսկողության տակ առնել M4 միջազգային ճանապարհը:
Հաղորդման համաձայն՝ բախումների հետևանքով սպանվել են Թուրքիայի դաշնակից խմբերի 13 անդամներ և Սիրիայի ժողովրդավարական ուժերի 6 անդամներ, թուրքական բանակի զինվորները չեն տուժել:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակն ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիա-Թուրքիա սահմանը քուրդ աշխարհազորայինների ներկայությունից մաքրելու նպատակով գրոհել է Սիրիայի հյուսիսային շրջանների վրա:
Սիրիայի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը, իսկ միջազգային հանրությունն ամենախիստ կերպով է դատապարտել Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: