ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: ԱԺ նախագահը նշել է, որ այս կազմակերպությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում է գործում Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակն է, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվելու մանդատ ունի: Աժ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցություններին և միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:
Զրուցակիցները խոսել են Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, որոնց նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է և այդ գործընթացներն անշրջելի դարձնելը: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, «Կուսակցությունների մասին» օրենքին, հակակոռուպցիոն պայքարին:
Գեորգի Ծերեթելին լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: