Տարբեր երկրներից շուրջ 60 բժիշկներ բաց նամակ են հղել Միացյալ Թագավորության Ներքին գործերի նախարարին, որում կոչ են արել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին լոնդոնյան Բելմարշի բանտից տեղափոխել համալսարանական հիվանդանոց՝ կտրուկ վատթարացած առողջական վիճակը ստուգելու և, անհրաժեշտության դեպքում, մասնագիտական բուժում ապահովելու համար:
Բժիշկների կարծիքով՝ եթե բրիտանական իշխանությունները չհետևեն իրենց խորհրդին, WikiLeaks-ի հիմնադիրը, հնարավոր է, մահանա բանտում՝ հաղորդում է Sky News-ը:
Հիշեցնենք, որ 48-ամյա Ասանժն այժմ գտնվում է Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Բելմարշի բանտում: Հաջորդ տարվա փետրվարին նշանակվել են դատական լսումներ, որտեղ կքննարկվի Ասանժի հնարավոր արտահանձնումը Միացյալ Նահանգներ:
ԱՄՆ-ում Ջուլիան Ասանժին 18 մեղադրանք է առաջադրվել, դրանց թվում՝ Պենտագոնի համակարգիչներից գաղտնի տեղեկությունների կորզում: