Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսիոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։
Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացված՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյան, և Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ ներկայացված՝ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյան խորագրերը կրող հայտերն ստացել են կազմակերպության անդամ պետությունների հավանությունը։
Տեղեկանք։ 1998 թ. առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել են Հայաստանի կողմից ներկայացված 25 հոբելյանական իրադարձություններ (ներառյալ վերը նշված 2 իրադարձությունները):
1956 թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդամ պետությունների հետ նշում է հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանները՝ դրանց համաշխարհային նշանակություն տալու և հանրահռչակելու նպատակով։ Մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների նշումը նպաստում է միջազգային փոխըմբռնմանը, ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերություններին և խաղաղությանը։