Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առիթով երկրագնդի տարբեր անկյուններում բռնության դեմ ցույցեր են անցկացվել: Բռնություններն ամենուրեք են, անկախ կրոնից ու քաղաքակրթությունից՝ Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա: Մի քանի հազար ցուցարարներ են փողոց դուրս եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հնդկաստանում:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, ամբողջ աշխարհում բռնությունը շարունակում է մնալ վերարտադրողական տարիքի կանանց մահվան կամ հաշմանդամության հիմնական գործոններից մեկը: Գերմանիայում նույնիսկ հատուկ դասընթացներ են անցկացնում, որտեղ կանանց սովորեցնում են ինքնապաշտպանվել: Ինտերպոլը օգնություն է խնդրել գտնելու 8 տղամարդու, որոնք հետախուզվում են կանանց նկատմամբ ենթադրյալ հանցագործությունների համար:
Սեռական բռնության են ենթարկվում տարբեր տարիքի ու մասնագիտության կանայք: Այսօր պաշտպանված չեն նաև պատգամավոր կանայք: Միջխորհրդարանական միությունը կոչ Է արել ամբողջ աշխարհի օրենսդիրներին՝ վճռական քայլով կանխել կին պատգամավորի և խորհրդարանական ծառայությունների աշխատակցուհիների նկատմամբ անվայել արարքները: 2016 թվականին ՄԽՄ-ի կողմից աշխարհի 39 երկրում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունից պարզվել է, որ կին պատգամավորների 82 տոկոսը ենթարկվել է հոգեբանական բռնության, 20 տոկոսը՝ սեռական ոտնձգությունների: 2018 թվականին անցկացված մեկ այլ հարցման ժամանակ, որն ընդգրկել Է Եվրոպայի մի շարք պետություններ, բռնության է ենթարկվել խորհրդարանական ծառայությունների աշխատակցուհիների 40 տոկոսը:
Ի տարբերություն կանանց նկատմամբ բռնության աշխարհի առաջադեմ մարդկության բողոքին ու վրդովմունքին, Ադրբեջանում խնդրի վերաբերյալ այլ տեսակետ է: Այս հանրապետությունում ընտանեկան բռնության վերաբերյալ անցկացված սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց 41%-ը և կանանց 34.7%-ը կարծում է, որ ընտանիք ստեղծելու և պահպանելու համար կինը պետք է դիմանա բռնությանը: Կանանց 20.9%-ը և տղամարդկանց 34.7%-ը կանանց ծեծելը նորմալ երևույթ է համարում: Ընդհանրապես, ընտանեկան բռնությունը տարածված է Ադրբեջանում: Այս տարի այստեղ գրանցվել է ինքնասպանության մի քանի դեպք, երբ զոհերն ինքնասպանության են դիմել ընտանեկան բռնության պատճառով:
Այսօր բռնության դեմ պայքարում են նաև արվեստի միջոցով: Ֆեմինիստական համայնքների մի քանի տասնյակ անդամներ բողոքի ցույցեր անցկացրին Մեքսիկայում՝ Անկախության հրեշտակի հուշարձանի դիմաց: Ոմանք նկարել են հուշարձանի շուրջ պատի վրա, մյուսները հյուսել են վարդագույն և մանուշակագույն սրտիկներ: