Արդեն քանի տարի՝ Ռուսաստանի իշխանություններն ապատեղեկատվություն են տարածում, որի նպատակը ԱՄՆ 2016 թ-ի նախագահական ընտրություններին միջամտելու պատասխանատվությունը Ուկրաինայի ուսերին դնելն է: Այս մասին գրել է ամերիկյան առաջատար The New York Times պարբերականը՝ նշելով, որ հենց այս թեման է գլխավորել սենատորների և ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ճեպազրույցը:
Ըստ թերթի՝ անցած երկու տարիների ընթացքում ռուսական հետախուզությունը «Կիևի միջամտության» վերաբերյալ կեղծված տվյալներ է փոխանցել ազդեցիկ ռուս և ուկրաինացի օլիգարխներին և գործարարներին, որոնք միջնորդավորված կերպով այս տեղեկությունը տարածել են ամերիկյան քաղաքական գործիչների և մեդիայի շրջանում:
Ապատեղեկատվությունը հասել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այս թեման քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչն էլ իմփիչմենթի պատճառներից մեկն է դարձել:
Պարբերականը նշել է, որ Անգուս Քինգը՝ Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Պուտինը նույնիսկ հրապարակավ է Ուկրաինայի միջամտության վարկածը դեռ 2017-ի սկզբին արտահայտել, որպեսզի հեռացներ կասկածներն իրենցից:
Պարբերականի փոխանցմամբ՝ ճեպազրույցը կազմակերպվել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում, ԱՄՆ ազգային անվտանգության՝ Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով նախկին փորձագետ Ֆիոնա Հիլլի՝ Կոնգրեսում ունեցած ելույթից հետո: Հիլն այդ ժամանակ ԱՄՆ նախագահական ընտրություններին ուկրաինական միջամտությունը անհիմն տարբերակ էր որակել՝ պնդելով, որ այդ վարկածը նետել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
Փոխանցվում է, որ միջոցառմանը քննարկվել են նաև ռուսական միջամտության մարտավարության, նմանատիպ գործողությունները թաքցնելու՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աճող ունակությունների հետ կապված հարցեր: ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Մոսկվան մտադիր է կրկնապատկել իր ջանքերն այս ուղղությամբ՝ 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում: