Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրահամը Axios-ին ասել է, որ Սպիտակ տան խնդրանքով է կասեցրել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը:
«Սպիտակ տանը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո հավաքվեցինք և խոսեցինք տեղի ունեցածի մասին»,- ասել է Գրահամը: Սենատորի խոսքով՝ օրենսդրական հարցերով Սպիտակ տան ներկայացուցիչը նրան ասել է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության ներկայացնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր բանաձևը և խնդրել է Գրահամին վետո դնել դրա վրա:
«Ես ասացի՝ իհարկե... Դա անելու միակ պատճառն այն էր, որ նա (Էրդողանը) դեռ քաղաքում էր: Դրա համար ժամանակը հարմար չէր: Ես փորձում եմ հնարավորինս փրկել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները»,- ասել է Գրահամը: Նա հավելել է, որ անհարմար է զգում Մենենդեսի բանաձևը կասեցնելու համար: «Հաջորդ անգամ դեմ չեմ լինի»,- ասել է նա:
Անցյալ շաբաթ Մենենդեսը և սենատոր Թեդ Քրուզը կրկին ներկայացրել էին Հայոց ցեղասպանության բանաձևը, որը կասեցրել էր սենատոր Դեյվիդ Փերդյուն: «Սենատոր Փերդյուն առարկել է՝ ելնելով այն մտավախությունից, որ բանաձևի ընդունումը կվտանգի տարածաշրջանում Թուրքիայի և մյուս դաշնակիցների հետ բանակցությունները»,- ասել էր Փերդյուի խոսնակը:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձև, որով ճանաչում և դատապարտում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Բանաձևին կողմ քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ՝ 11-ը, այդ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել դեմոկրատ Ադամ Շիֆը: