«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը տեղեկացրել է, որ 2020-ին Հայաստանում կբացվի երկու դիակիզարան: «Ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ Հայաստանում կա նման պահանջարկ»,- ավելացրել է Իսկանդարյանը: Ըստ նրա՝ թաղման ոլորտն իր խնդիրներն ունի: Միայն Երևանում տարեկան 1.8 հա է հատկացվում գերեզմանոցներին, իսկ պաշտոնապես բոլոր 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հա է: Համեմատության համար նշենք, որ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները: