Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիր, որն իրագործելու են Հայաստանում և սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։ «Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակում:
Նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:
Այսօր արդեն այդ ծրագիրը իրականություն է։ Նոյեմբերի 23-ին Իջևանատուն ռեստորանի մոտ պաշտոնապես բացվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը։
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը, պատվավոր այլ հյուրեր:
«Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին և շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք»,- ասաց Հայկ Չոբանյանը։
Այս ծրագրի նպատակն է հնարավորինս շատ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների հիմնումը, ինչը կնպաստի Հայաստանի բնակիչների կողմից էլեկտրական մեքենաների գնմանը, հետագայում էներգախնայող և էներգոանկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկոշարժման մասսայականացմանը:
Առաջին կես տարում բոլորը ցանկացողները կարող են անվճար լիցքավորել իրենց էլեկտրական մեքենաները ՈՒՀՄ-ի լիցքավորման կայաններում։: