Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հայտարարել է, որ ծանր հետևանքներ են սպասվում տարածաշրջանի այն երկրներին, որոնց մասնակցությունը կամ ներգրավվածությունը կապացուցվի Իրանում հրահրված խռովությունների ու անկարգությունների կազմակերպման գործում: Այս մասին տեղեկացնում է Fars լրատվական գործակալությունը:
«Տարածաշրջանի որոշ երկրներ պետք է իմանան, որ իրենց կյանքը հեշտ չի լինի, եթե պարզվի, որ նրանք ներգրավված են եղել Իրանում անկարգությունների առաջացման գործում», ասել է նա:
Իսլամական Հանրապետությունում խռովություններ հրահրելու գործում Թեհրանը մեղադրում է արտաքին թշնամուն՝ ԱՄՆ-ին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Իրանի իշխանությունների հավաստմամբ՝ տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիան և ոխերիմ թշնամի Իսրայելը մշտապես հավանության են արժանացնում իրենց երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի բոլոր քայլերը, որոնց պատճառով էլ Իսլամական Հանրապետությունն ընկել է տնտեսական ճգնաժամի մեջ: