Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարազատներն Իսպանիայում մեղադրվում են մոտ 664 մլն դոլար փողերի լվացման համար: Իսպանիայի ազգային դատարանի դատավորի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաաթ ալ-Ասադի՝ Բաշար ալ-Ասադի հորեղբոր դեմ:
Մեղադրանքը վերաբերում է ևս 13 հոգու, որոնց թվում են 82-ամյա Ռիֆաաթ ալ-Ասադի ութ երեխաները և երկու կանայք:
Ենթադրվում է, որ 1980-ական թվականներից նրանք Իսպանիայի տարածքում գործել են որպես «կազմակերպված հանցավոր խումբ»: Նրանց սեփականությունն է համարվում 507 անշարժ գույք՝ 695 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Այս մասին տեղեկացրել են իսպանական դատական մարմինները:
Բացի դրանից՝ խումբը գործել է նաև այլ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
Նրան կամ նրա գլխավորած ընտանեկան կազմակերպությանն են պատկանում նաև Boeing 727 ինքնաթիռը, մի քանի զրահապատ ավտոմեքենա և երեք նավ։
Ռիֆաաթ ալ Ասադը ստիպված էր եղել Սիրիան լքել 1983 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ փորձել էր իշխանությունը խլել իր ավագ եղբայր Հաֆեզ ալ-Ասադից՝ Բաշար ալ-Ասադի հորից:
Ռիֆաաթ ալ-Ասադի դեմ արդեն նմանատիպ գործեր են ընթանում Ֆրանսիայում և Շվեյցարիայում: