Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում՝ մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները:
Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ
պայքարում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը
պատճառված 81 միլիոն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 միլիոնը:
Մնացած մասը երաշխավորված է համապատասխան անձանց պատկանող գույքի կամ
դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառմամբ:
Դրական միտումներ են առկա նաև՝ որպես խափանման միջոց կալանավորման
միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ:
Մտահոգությունների և լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն են
առաջացնում բնակարանային գողության նախականխման և կանխման, դրանց
բացահայտման ուղղությամբ տարվող պայքարի անբավարարությունը, ինչպես նաև՝
ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացության դեպքերի ցավալի աճը: