Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Նա նշել է, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորել է ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցությունը և մատնանշել դեպքեր ու հանցագործություններ, որոնք բացահայտվել են այդ համագործակցության շնորհիվ։
Արման Սարգսյանն անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին ու նշել, որ օրինախախտները հայտնաբերվում են և ենթարկվում պատասխանատվության։
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը շրջել է ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացել խախտումների արձանագրման և օպերատիվ կառավարման կենտրոնների աշխատանքին։