Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իտալական Rai 24 լրատվականին: Հայաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը վտանգված է թուրքական ներխուժման հետևանքով:
«Մենք շատ անհանգստացած ենք. շարունակելու ենք ակտիվորեն աշխատել միջազգային հանրության հետ ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ»,- նշել է արտգործնախարարը:
Մնացականյանի խոսքով՝ մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն վտանգներին ու անորոշություններին, որոնք աճում են Սիրիայի հյուսիսում՝ թուրքական ներխուժմամբ:
Արտգործնախարարը չափազանց կարևոր է համարում, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև այլ պետություններն ու ազգերը, շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
«Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացն է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ: Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր Ցեղասպանություն. սա հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողներին, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»,- ասել է Մնացականյանը:
Արտգործնախարարը վստահ է, որ Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարելի է գերազանց գնահատել:
«Մենք ունենք միասին աշխատելու դարերի ավանդույթ և շարունակելու ենք այդ աշխատանքները, քանի որ այս հարաբերությունների հիմքը մեր պատմական համագործակցության մեջ է՝ հարստացնելու մարդկությանը քաղաքակրթական առավել բարձր արժեքներով»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը: