Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը հայտնում է, որ այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում, արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև՝ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար»,- նշված է դեսպանության հայտարարությունում։