«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019 թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:
Բացի սուվերեն վարկանիշից՝ «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը: Այսպես, արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման վերին սահմանաչափը գնահատվել է «BB», որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ֆիթչ»-ի կողմից վարկանշվելու դեպքում արտարժույթով և ազգային արժույթով պարտատոմսերի համար կարող են ստանալ երկրի սուվերեն (BB-) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB) վարկանիշ:
Արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «B» մակարդակում:
Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է «Ֆիթչ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանի ինստիտուտները նպաստեցին խաղաղ և սահուն քաղաքական անցմանը և առավել կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Կառավարությունը հաստատել է կայուն մակրոտնտեսական քաղաքականություն վարելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու, ինչպես նաև ինստիտուտները և կառավարման համակարգը ուժեղացնելու իր հանձնառությունը:
Չնայած արտաքին անկայունությանը, ներքաղաքական ցնցումներին և արագ աճի ժամանակահատվածին՝ Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը, և գնաճը մնացել է ՀՀ կենտրոնական բանկի 4% թիրախից ցածր:
«Ֆիթչ»-ը մեծապես վստահում է արտաքին պարտքը նվազող հետագծի վրա պահելու Կառավարության հանձնառությանը, որով նախատեսվում է մինչև 2023 թ. կառավարության պարտքը հասցնել ՀՆԱ-ի 50%-ից ցածր մակարդակի: «Ֆիթչ»-ն ակնկալում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կմնա խելամիտ՝ ֆիսկալ կանոնում ամրագրված սկզբունքներին համապատասխան:
Մասնավոր սպառման աճի և շինարարության ոլորտում իրականացվող դինամիկ մասնավոր ներդրումների շնորհիվ ՀՆԱ-ի աճը եղել է ավելի բարձր, քան նախատեսված էր, և դրանից ելնելով՝ «Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի 2019 թ. տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6.5% (նախկին կանխատեսումը՝ 4.6%): Ծառայությունների և արդյունաբերության կայուն ոլորտները, Թեղուտի պղնձի հանքավայրի վերաբացման հաշվին հանքարդյունաբերության ոլորտի վերականգնումը և պետական ներդրումների ավելացումը կշարունակեն նպաստել տնտեսական աճին և 2020-2021 թթ. կապահովեն միջին հաշվով 4.7% աճ:
«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ 2019 թ. ընթացիկ հաշվի պակասուրդը կկրճատվի ի հաշիվ հանքահումքային ապրանքների արտահանման աճի և դինամիկ զարգացող զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի: Արտաքին ֆինանսավորման մատչելիությունը, միջազգային պահուստների ավելացումը և փոխարժեքի ճկունությունը մեղմել են միջազգային իրացվելիության ռիսկը: Արտաքին ֆինանսավորման հետ կապված ռիսկերը մեղմվել են 2019 թ. մայիսին ԱՄՀ հետ կնքված նախազգուշական Սթենդ-Բայ ֆինանսավորման մեխանիզմով և պաշտոնական վարկատուների աջակցությամբ: 2019 թ. սեպտեմբերին Կառավարության կողմից եվրոպարտատոմսերի թողարկումը և հաջորդ տարվա ընթացքում մարման ենթակա պարտատոմսերի 80%-ի հետգնումը վերացրել են վերաֆինանսավորման կարճաժամկետ ռիսկերը:
Բանկային հատվածը լավ կապիտալացված է, և վարկերի աճը մնում է բարձր` ի հաշիվ հիփոթեքային և սպառողական վարկերի աճի: Վարկերի բարձր աճը մասամբ արտացոլում է ոչ ֆորմալ տնտեսության կրճատումը, տնային տնտեսությունների իրական եկամուտների ավելացումը և ցածր եկամտաբերության պայմաններում բանկերի «ռիսկայնության ախորժակի» մեծացումը: Բանկային հատվածի ակտիվների որակը բարձր է:
Նկատենք, որ 2006 թ. հունիսի 5-ին «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանին տրվել է «BB-» սուվերեն վարկանիշ», որը 2008 թ. մեկ մակարդակով բարձրացվել է, իսկ հետագայում երկու անգամ՝ մեկական մակարդակով, իջեցվել: Առաջին անգամ այն իջեցվել է 2009 թ. օգոստոսին՝ պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությամբ: Երկրորդ անգամ Հայաստանի սուվերեն վարկանիշը իջեցվել է 2015 թ. հունվարին՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակից բխող՝ Հայաստանի տնտեսության զգալի խոցելիությամբ: 2015 թ. հունվարից հետո «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը փոփոխության չէր ենթարկվել:
«Ֆիթչ»-ի կողմից «BB-» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների թվում են Հունաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Հորդանանը, Ուզբեկստանը, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան և Բանգլադեշը: