Չինաստանի հետ մուտքի արտոնագրի չեղարկման հարցը Ազգային ժողովում կքննարկվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»,- գրել է Լենա Նազարյանը:
2019 թ. հուլիսին ՀՀ Կառավարության նիստում հավանություն էր տրվել 2019 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: