Արևելյան տիեզերակայանի շինարարությունում շարունակվող յուրացումների մասին նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արված հայտարարության կապակցությամբ երկրի հակակոռուպցիոն հիմնադրամը հրապարակել է հետաքննության տվյալները «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի ունեցվածքի մասին, որը նա ձեռք է բերել այդ պաշտոնում աշխատելիս: Հետաքննության տեքստային տարբերակը տեղադրված է ընդդիմադիր գործիր Ալեքսեյ Նավալնիի բլոգում:
Ընդդիմադիր գործիչը, հիմք ընդունելով պաշտոնյայի հայտարարագիրը, հայտնում է, որ 2018-ին Ռոգոզինը վաստակել է 29,5 մլն ռուբլի, որից 23,5 միլիոնը ստացել է «Ռոսկոսմոսում» աշխատելիս: Համեմատության համար Նավալնին նշել է NASA-ի ղեկավարի աշխատավարձի մասին տվյալները: Այն տարեկան կազմում է մոտավորապես 16 մլն ռուբլի: Ռոգոզինի կինը 2018-ին վաստակել է 3,3 մլն ռուբլի:
«Շարքային ինժեներների վիճակը ճիշտ հակառակն է. NASA-ի ինժեները տարեկան ստանում է միջինը 82 հազար դոլար, այսինքն՝ ամսական 430 հազար ռուբլի, իսկ «Ռոսկոսմոսի» ինժեները՝ ամսական 60 հազար ռուբլի»,- հավելել է Նավալնին: