Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանից մեկնել է Հռոմ: Հռոմում առաջին հանդիպումը անցկացրել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ։ Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, նշել, որ Իտալիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և փաստաթուղթը այժմ ներկայացվել է Պատգամավորների պալատի ուշադրությանը։ Հայաստանի վարչապետը արձանագրել է Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետևից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առանձնակի վերաբերմունք ունի Իտալիայի Պատգամավորների պալատի նկատմամբ՝ 2019 թ. ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ընդունելու համար։ Իսկ մինչև Հռոմ մեկնելը, վարչապետ Փաշինյանը Միլանում ելույթ է ունեցել հայ-իտալական գործարար համաժողովում։