Նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա, հայտնել է համերգի կազմակերպիչ AVM production ընկերությունը:
«Համերգի հետ կապված բոլոր նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները ավարտված են: Սակայն կազմակերպիչը բախվել է լուրջ ֆինանսական խնդրի՝ տոմսերի համընդհանուր վերադարձի: Հանդիսատեսի նման վարվելակերպը ընկերությունը չի ողջունում, սակայն փաստում է, որ այն ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Ինչպես արդեն հայտնի է համատարած գովազդից, Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ վերադարձվել է մեր կազմակերպած համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը»,- ասվում է ընկերության տնօրինության հայտարարության մեջ:
Վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն մինչև 2019 թ. դեկտեմբերի 20-ը: