РИА Новости-ն տեղեկացնում է, որ «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից և կենտրոնանալ իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա:
«Ես լիովին վստահում եմ մեր իրավապահ մարմիններին, որը ղեկավարում է իրավախորհրդատու Ավիհայեմ Մանդելբլիտը: Համոզված եմ, որ նրանք բարեխիղճ ու պրոֆեսիոնալ են կատարում իրենց գործը: Իսրայելում հեղաշրջում չկա, պարզապես շատերը շղթայվել են իշխանությամբ»,- ասել է Գանցը:
Իսրայելի գլխավոր դատախազությունը վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրել կաշառքի, խարդախության և վստահությունը չարաշահելու համար:
Ինքը՝ Նեթանյահուն, հերքում է բոլոր մեղադրանքները և դրանք անվանում է հեղաշրջման փորձ: Սա Իսրայելի գործող վարչապետի նկատմամբ առաջին մեղադրանքն է:
Մեղադրական եզրակացությունը կներկայացվի ոչ թե դատարան, այլ Քնեսետի խոսնակին:
Միաժամանակ վարչապետի երկու թեկնածուներին՝ Նեթանյահուին և Գանցին, չի հաջողվում կառավարություն ձևավորել: Իսրայելի նախագահը պաշտոնապես տեղեկացրել է Քնեսետի խոսնակին, որ այդ պարտականությունը պետք է կատարեն պատգամավորները: Օրենսդիրներին 21 օր ժամանակ է տրվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:
Պաշտոնապես, սակայն, մինչև նոր կաբինետի ձևավորումը Նեթանյահուն շարունակելու է մնալ անցումային կառավարության վարչապետ, և օրենքը չի պարտավորեցնում նրան հրաժարական տալ մեղադրանք ներկայացնելուց հետո էլ: