Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Չարենցավան համայնքում ներկա է եղել քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Չարենցավանում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը, մարզի բուժկենտրոնների ղեկավարներ, Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, վարչական ղեկավարներ, հյուրեր:
Ընդգծելով մարզային ենթակայության այս բժշկական կենտրոնի մասնաշենքի հիմնանորոգման անհրաժեշտությունը՝ որպես կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող գործոն, մարզպետը ևս մեկ անգամ հարկ է համարել նշել, որ աշխատանքային պայմանների բարելավմամբ աշխատանքի որակի, արդյունավետության նոր նշաձող է սահմանվելու:
«1.5 տարի առաջ նախարարի հետ մեր շրջայցի ընթացքում այստեղ ականատես եղանք մի վիճակի, որն ուղղակի անթույլատրելի էր: Ոչ միայն քաղաքացիներին, ազգաբնակչությանը սպասարկելու տեսանկյունից էր անընդունելի այդ վիճակը, այլ նաև հենց մարզային ենթակայության այս ոլորտի պատասխանատուների և աշխատակիցների համար: Պետական հաստատություններ մուտք գործելիս քաղաքացին նախ և առաջ պատկերացում է կազմում պետության, պետական կառավարման մասին հենց այդ հաստատության վիճակից»,- ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել, կատարված աշխատանքների ծավալներին, բժշկական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել առկա խնդիրները:
Հիշեցնենք, Չարենցավանի բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ լքված մասնաշենքը հիմնանորոգվել է (հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին տարեսկզբին)։ Եռահարկ մասնաշենքի հիմնանորոգումը, ամբողջական կահավորումը, ջեռուցումը, ներքին հարդարման աշխատանքները՝ շերտավարագույրներից մինչև սանհանգույցներ, իրականացվել են բացառապես մարզային ենթակայության այս բժշկական կենտրոնի 2018-2019 թթ. բյուջեի խնայողությունների հաշվին:
Մասնաշենքի հիմնանորոգված հարկաբաժնի առանձին հատվածում տեղակայված են լինելու մանկական պոլիկլինիկայի բաժանմունքը, ընտանեկան բժիշկները, այդ թվում՝ թերապևտներ և ամբուլատոր հատվածի նեղ մասնագիտական կաբինետներ։ Պոլիկլինիկայի բացումով Չարենցավանի ԲԿ-ն արդեն մեկ կենտրոնացված վայրում ավելի արդյունավետ կիրականացնի քաղաքացիների ընդունելությունն ու բուժսպասարկումը: