Այսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 77 տարեկան:
Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ., Թիֆլիսում: 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և փայլուն ավարտել ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը` որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լեոնիդ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին՝ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ հակառակորդի դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ: