Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչև այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:
Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ:
«Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար, որից անմասն չեն եղել աշխատակիցները: Ուզում եմ նշել նաև, որ նա իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն: Մենք կարևորում ենք, որ այգու տնօրենի պաշտոնակատարն այս աշխատակազմից է և որոշակի առումով տեղյակ է այգու խնդիրներին: Նաև վստահ ենք, որ մասնագետները կաջակցեն, որպեսզի անցումային այս շրջանում նոր խնդիրներ չլինեն»,- նշել է Տիգրան Վիրաբյանը՝ վստահեցնելով, որ կենդանաբանական այգին շարունակելու է շարժվել նույն ճանապարհով:
Միաժամանակ փոխքաղաքապետն ընդգծել է, որ այգին այսօր ունի մի շարք առաջնային խնդիրներ, որոնք հաջորդ տարի արդեն պետք է լուծված լինեն: Մասնավորապես, խոսքը տարածքի ցանկապատման և այգու անվտանգության ապահովման մասին է: Քաղաքապետարանի օրակարգում է նաև այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը:
«Փոփոխությունները ժամանակի հրամայականն են, սակայն դա չի նշանակում, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում աշխատակիցների շրջանում: Այստեղ չեն կարող լինել միայն մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առքուվաճառքով կամ ունեն այլ հետաքրքրություններ»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
Այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:
Հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանն աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է առանձին խորհրդակցություն: Տեղեկացվել է, որ ձևավորվել է նեղ մասնագիտական աշխատանքային խումբ, որը կաջակցի այգու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Նշվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, որը առաջիկայում փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա, մինչև այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ: