Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը: Սենատորը իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ դա օրենսդիրների քննարկելիք հարցը չէ:
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Սենատում զուգահեռ ընթացող ելույթի ժամանակ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական Թեդ Քրուզը կոչ են արել միաձայն համաձայնություն տալ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։