Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպել է իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ներդրումային համագործակցության և համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ անդրադառնալով էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացման դինամիկային։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, և ներկայումս ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Կառավարության ղեկավարը նաև խոսել է Հայաստանի անդամակցության շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նշելով. «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ և ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»։
Վարչապետ Փաշինյանը նաև պատասխանել է իտալական գործարար շրջանակների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին հարևան երկրների հետ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և այլն։ Անդրադառնալով ԵՄ հետ համագործակցության շրջանակում առկա հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում։
Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և նշել, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային գործունեության ծավալմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առարկայական քննարկումներ սկսել կոնկրետ ծրագրերի շուրջ։
Աշխատանքային ճաշին մասնակցել են իտալական Mediobanca ներդրումային բանկի նախագահ Ռենատո Պալիարոն, Mediobanca ներդրումային բանկի Corporate and Investment banking-ի Հռոմի գրասենյակի ղեկավար, Corporate and Investment banking-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, Mediobanca ներդրումային բանկի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, Cassa depositi e prestiti ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, Terna ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, Terna ներդրումային ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկա Տորկիան։
Հանդիպմանը հաջորդել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովը, որի կազմակերպիչներն են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, Assolombarda և Mediobanca ներդրումային ընկերությունները։