ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել է նպատակաուղղված գործողություններ՝ ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
21.11.2019 թ. Արթուր Տոնոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:
Նախաքննության շահերից ելնելով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի քննության այս փուլում ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: