ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամներ հրապարակել են հաղորդագրություն, որում խստորեն քննադատել են Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումը օրինական համարելու ԱՄՆ նախաձեռնությունը:
Հաղորդագրության մեջ ԱԽ անդամ 14 երկրների ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքատիպ ավանների կառուցումը միջազգային իրավունքի խախտում է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն արձագանքելով այս կապակցությամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը՝ հետևյալն է հայտարարել. «Այս կազմակերպությունն անօրինական է համարում Պաղեստինի բռնագրավված տարածքներում Իսրայելի քաղաքատիպ ավանների կառուցումը»:
ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսն էլ Անվտանգության Խորհրդում ունեցած ելույթում նշել է, որ՝ «միջազգային իրավունքի համաձայն, քաղաքատիպ ավանների կառուցման բոլոր աշխատանքներն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած թիվ 2234 բանաձևին, որում ընդգծված է երկու երկրների՝ Իսրայելի և Պաղեստինի պետության կազմավորման և կայուն խաղաղության հեռանկարը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին, վերահաստատելով ԱՄՆ աջակցությունն Իսրայելին, այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը փոխել է իր քաղաքականությունը Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման վերաբերյալ՝ հավելելով, որ այդ փաստը Սպիտակ տունը ոչ միայն այլևս միջազգային իրավունքի խախտում չի համարում, այլև որակում է իբրև պատմական արդարության վերականգնում: