Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պահանջում է զուսպ մոտեցում և հրաժարում այնպիսի հռետորաբանությունից, որը չի նպաստի փոխզիջումային հանգուցալուծման որոնմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ:
«ԵԱՀԿ-ի՝ այս հարցով գործունեության շրջանակում Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այժմ շփման գծում իրավիճակը հանգիստ է, սակայն, իհարկե, մեզ անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում բարենպաստ մթնոլորտի պահպանմանը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ուղիներ փնտրելու համար: Կարծում եմ՝ հարկավոր է ավելի զուսպ լինել, որպեսզի փոխզիջումային լուծում գտնվի, և առաջ շարժվել»:
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում էլ արդյունավետ կատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր միջնորդի դերը: Մատվիենկոն նշել է, որ «սա հետխորհրդային տարածքում առկա ցավոտ խնդիր է»: